Հունիսի 25-ին մեկնարկում է թենիսի պատմության ամենահեղինակավոր և հին մրցաշարը՝ «Ուիմբլդոնը», որը մրցաշրջանի ընթացքում անցկացվող «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկն է: Մրցաշար, որտեղ վերջին չորս տարիների ընթացքում է հենց որոշվել, թե որ թենիսիստն է լինելու աշխարհի թիվ մեկ ռակետը: Նախ հենց Ուիմբլդոնում 2008-ի եզրափակիչում Նադալը, ֆանտաստիկ հինգ սեթաքնոց խաղում հաղթելով Ֆեդերերին, ընդհուպ մոտեցավ նրան միավորներով, իսկ ընդամենը մեկ ամիս անց արդեն դարձավ թիվ մեկ ռակետ՝ դադարեցնելով Ֆեդերերի հինգ ամյա մենիշխանությունը: Մեկ տարի անց՝ 2009-ին, երբ Նադալը վնասվածքի պատճառով չմասնակցեց Ուիմբլդոնի մրցաշարին, Ֆեդերերը, հաղթելով այն, շրջանցեց իսպանացուն և դարձավ առաջին ռակետ: 2010-ին «Ռոլան Գարոսը» հաղթելուց հետո Նադալը դարձավ առաջին ռակետ, սակայն նրա և Ֆեդերերի միջև միավորների տարբերություն չնչին էր, և բոլորը սպասում էին, որ Ֆեդերերը կշրջանցի Նադալին իր սիրելի մրցաշարը հաղթելուց հետո:
Անգամ Ուիմբլդոնի կազմակերպիչներն առաջին մրցաշարի առաջին համարը շնորհեցին Ֆեդերերին, այլ ոչ թե գործող առաջին ռակետին: Սակայն Ֆեդերերը բոլորի համար անսպասելիորեն պարտվեց քառորդ եզրափակիչում և բավականին հետ ընկավ Նադալից, ով մինչև 2011-ի «Ուիմբլդոնը» մնաց առաջին ռակետ: Եվ վերջապես, 2011-ին Նովակ Ջոկովիչը, դուրս գալով հենց այս մրցաշարի եզրափակիչ, կարողացավ շրջանցել Նադալին և դառնալ առաջինը, իսկ եզրափակիչում էլ վստահ հաղթանակ տարավ Նադալի նկատմամբ: Միանշանակ կարելի է ասել, որ վերջին տարիների առաջին ռակետ լինելու կամ չլինելու հարցը վճռվում էր այստեղ՝ Լոնդոնում:
Այս տարին խոստանում է նույնպես լինել հետաքրքրիր: Այո, Նադալն էլ, Ֆեդերերն էլ ձգտում են շրջանցել Ջոկովիչին և դառնալ առաջինը, իսկ Ջոկովիչը ձգտում է էլ ավելի մեծացնել իր առավելությունը նրանց նկատմամբ:
Մրցաշարային աղյուսակը նայելուց հետո ոչինչ հնարավոր չէ ենթադրել: Նախ ուժեղագույններին հարկավոր է կենտրոնանալ առաջին շրջանում սպասվելիք հանդիպումներին: Ջոկովիչը կորտ դուրս կգա նախկին առաջին ռակետ իսպանացի Խուան Կարլոս Ֆերերոյի հետ: Այո Ֆերերոյի լավագույն տարիներն այլևս հետ չեն գա, սակայն նախկին թիվ մեկ ռակետի փորձը կարող է որոշիչ լինել խաղային որոշ դրվագներում: Դժվար թե նա կարողանա հաղթել Ջոկովիչին, բայց առաջին ռակետի համար Ֆերերոն խնդիրներ ի վիճակի է ստեղծել: Անձնական հանդիպումներում հաշիվը 1-1 է (խոտածակի վրա թենիսիստները երբևէ չեն հանդիպել):
Մյուս հետաքրքրաշարժ հանդիպումը լինելու է չորրորդ ռակետ բրիտանացի Էնդի Մարրեյի և նախկին չորրորդ ռակետ Նիկոլայ Դավիդենկոյի միջև: Վերջինս Մարրեյի, և ոչ միայն նրա ամենաանհարմար մրցակիցներից մեկն է: Դավիդենկոն նույնպես արդեն իր կարիերայի մայրամուտում է, սակայն մնում է մի թենիսիստ, ով մի քանի մրցաշարերում լռելուց հետո, կարող է մատուցել ամեն տեսակի անակնկալ: Հիշենք միայն այն, որ նա այս տարի Ռոտերդամում, մի քանի մրցաշարերում վատ հանդես գալուց հետո քիչ էր մնում հաղթեր Ֆեդերերին, ով գտնվելով լավ մարզավիճակում՝ միայն երրորդ սեթում կարողացավ հաղթել ռուս մարզիկին: Մարեյն ու Դավիդենկոն հանդիպել են 9 անգամ՝ 5-4 հաշվով առջևում է Մարրեյը (խոտի վրա երբևէ չեն հադիպել):
Եվ վերջապես Նադալի մասին: Նա կխաղա բրազիլացի Թոմաս Բելուչիի հետ՝ խաղացող, որը նույնպես վտանգավոր է ամեն տեսակի ծածկույթի վրա: Միայն Ֆեդերերն է, ով համեմատաբար հանգիստ մեկնարկ կունենա «Ուիմբլդոնում»:
Սակայն այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ դժվար թե Նադալը, Ջոկովիչը կամ Մարրեյը պարտվեն առաջին խաղում կամ խաղան հինգ սեթանոց խաղեր: Հարցը միայն այն է, թե ինչպես կսկսեն նրանք մրցաշարը՝ ծանր, թե հանգիստ, քանի որ առաջին շրջանում առաջացած դժվարությունները շատ հաճախ բացասական են անդրադառնում ամբողջ մրցաշարում ցույց տված արդյունքի վրա:
Թենիսի հայ երկրպագուների շրջանում ինչպես միշտ սպասելքիները մեծ են Արգենտինան ներկայացնող Դավիդ Նալբանդյանից։ Նա առաջին շրջանում կխաղա աշխարհի 8-րդ ռակետ սերբ Յանկո Տիպսարևիչի հետ, ում հաղթել է երկու անգամ և պարտվել 1 խաղում (խոտի վրա երբևէ չեն հանդիպել): Սերբ թենիսիստին հաղթելու դեպքում, նրա ճանապարհը դեպի քառորդ եզրափակիչ համեմատաբար հեշտ կլինի. Նալբանդյանը հնարավոր է հանդիպի Յուժնիին, Իզներին, Սեպիին կամ Ստարաչեին: Այդուհանդերձ , չի կարելի այն 100 տոկոսով անանցանելի համարել մրցաշարի 2002-ի եզրափակչի մասնակցի համար: Այնպես որ, պետք է մոռանալ Քուինսի եզրափակիչում տեղի ունեցածը և, լավատեսությամբ զինվելով, սպասել արգենտինահայ թենիսիստի նորանոր հաջողություններին:
Եվս երկու հետաքրքիր խաղ է մեզ սպասում առաջին շրջանում` ֆրանսիացի ժո Վիլֆրեդ Ցոնգայի և 2002-ի հաղթող Լեյթոն Հյուիթի, ինչպես նաև Դել Պոտրոյի և հոլանդացի Հաասեյի միջև: Ցոնգան երկու անգամ հաղթել է Հյուիթին, որոնցից մեկը՝ խոտածածկի վրա: Սակայն ‹‹զբոսանք›› առաջին շրջանում աշխարհի 5-րդ ռակետը հաստատ չի ունենա:
Ինչ վերաբերում է Դել Պոտրոյին, ապա պետք է նշել որ նա և Հաասեն երբևէ չեն խաղացել իրար դեմ: Դել Պոտրոն և թենիսի սիրահարները բնականաբար հիշում են 2010-ի Հաասեի ‹‹արկածները›› Նադալի հետ խաղում: Նա քիչ էր մնում հաղթեր Նադալին արդեն երկրորդ շրջանում, սակայն պարտվեց 5-րդ սեթում, ինչից հետո Նադալը վստահորեն հաղթելով իր մրցակիներին դարձավ Ուիմբլդոնի չեմպիոն: Այնպես որ, այս հակամարտությունում էլ միանշանակ ոչինչ չի կարելի ասել:
Ուիմբլդոնի մրցաշարը կսկսվի հունիսի 25-ին և կտևի մինչև հուլիսի 8-ը:

Комментариев нет:
Отправить комментарий