-->

Նադալ-Ջոկովիչ բարեգործական խաղը հետաձգվել է


Բժիշկների խորհրդով Ռաֆայել Նադալը ստիպված է եղել հայտարարել, որ չի կարողանա մասնակցել  «Ռեալ Մադրիդ» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպած  «Նադալի ոգին» բարեգործական խաղին: Այդ խաղը պետք է տեղի ունենար հուլիսի 14-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Նադալի մրցակիցը լինելու էր Նովակ Ջոկովիչը:
«Ռաֆա Նադալ» հիմնադրամի նախագահ Անա Մարիա Պարերան նշել է. «Շատ ենք ցավում, որ հուսախաբ ենք անում այն մարդկանց, ովքեր անհամբերությամբ սպասում էին այս մրցավեճին ու արդեն տոմսեր էին գնել: Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս մտահաղացման առաջին իսկ օրվանից աջակցել են մեզ՝ փորձելով օգնել  «Ռեալ Մադրիդ» ու  «Ռաֆա Նադալ» հիմնադրամի այս ծրագրին»:
Իր հերթին Էնրիկե Սանչեսը՝  «Ռեալ Մադրիդ» հիմնադրամի գործադիր փոխտնօրենը, նույնպես ցավում է բարեգործական հանդիպման հետաձգվելու համար. «Ռաֆային արագ ապաքինում եմ ցանկանում: Նրան փոխանցում ենք մեր սերը, ջերմությունն ու աջակցությունը: Հուսով ենք՝ շատ շուտով երկրպագուները հնարավորություն կունենան վայելել այդ պատմական հանդիպումը, և վստահեցնում ենք, որ այս երկու հիմնադրամների բարեգործական միջոցառումները շարունակական բնույթ կունենան»:
«Ռեալ Մադրիդ» ու «Ռաֆա Նադալ» հիմնադրամները շնորհակալություն են հայտնում Նովակ Ջոկովիչին բարեգործական այս ծրագրին անշահախնդիր կերպով մասնակցելու համար: Կազմակերպիչները հույս են հայտնում, որ շուտով հետաձգված հանդիպման նոր օր կնշանակվի:
Ռաֆայել Նադալը անձամբ ներողություն է խնդրել երկրպագուներից. «Ուզում եմ ներողություն խնդրել բոլորից, հատկապես այն երկրպագուներից, որոնք արդեն գնել էին հանդիպման տոմսերը: Ցավոք, հուլիսի 14-ի հանդիպումը անորոշ ժամանակով հետաձգվում է:  Բուժզննումից հետո պարզվել է, որ ծնկի վնասվածք ունեմ ու առնվազն 15 օր պետք է հանգստանամ, հետևաբար նշանակված օրը չեմ կարող մասնակցել Նովակ Ջոկովիչի հետ հանդիպմանը:  Փորձելու եմ հնարավորինս շուտ վերականգնվել, քանի որ առջևում Լոնդոնի Օլիմպիական խաղերն են, և ուզում եմ հաջող ներկայացնել իմ երկիրը: Ինչպես նշեցի, իմ առաջին մտահոգությունը կապված է տոմսեր գնած երկրպագուների հետ, բայց ուզում եմ ներողություն հայցել նաև Նովակ Ջոկովիչից, որը անշահախնդիր կերպով համաձայնվել էր մասնակցել այս միջոցառմանը: Շնորհակալ եմ նաև «Ռեալ Մադրիդ» հիմնադրամին ինձ հետ համագործակցելու ու աջակցելու համար: Փորձելու ենք հնարավորինս շուտ հանդիպման նոր օր նշանակել: Հիմա հանգիստ վիճակս կհամատեղեմ փոքրիկ արձակուրդի հետ և 15 օր հետո կվերադառնամ մարզումներին: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին»:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր